Սույն թվականի հունվարի 16-ին՝ ժամը 14:00-ին, Բերդ համայնքում՝ Բերդի համայնքապետարանի նիստերի դահլիճում, տեղի ունեցան «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրում իրականացվելիք նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսումներ:
Հանրային լսումներին մասնակցում էին «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ տնօրեն Գ.Ադամյանը, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Հ. Մկրտչյանը, համայնքի բնակիչներ՝ թվով 24 մարդ:
Բացման խոսքով հանդես եկավ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, ով իր խոսքում նշեց, որ հանքավայրն անմիջապես գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում. և կարևորվում է, որպեսզի Ադրբեջանի սահմանը հատող հանքից մի մասնիկը օգտագործվի մեր սահմանամերձ տարածաշրջանում: Համայնքի ղեկավարը շեշտեց՝ ցանկալի կլիներ, որպեսզի «Տավուշի ՃՇՇ»-ն շահագործեր տարածքը ամբողջությամբ:
Հարություն Մանուչարյանը բացման խոսքում ներկայացրեց հանրային քննարկման կազմակերպման նպատակը և խնդրեց մասնակիցներին արտահայտել իրենց կարծիքները՝ նշելով, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ- ն համայնքի և տարածաշրջանի զարգացման համար հանդիսանում է կարևորագույն ներդրող և հարկատու:
«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ ընկերության տնօրեն Գ. Ադամյանը ներկայացրեց, որ համայնքի վարչական սահմաններում՝ Չինարի ԱԿԽ հանքավայրում, ընկերությունն իրականացնելու է հանքարդյունահանման աշխատանքներ։ Ընկերությունը ցանկանում է շարունակել հանքավայրի շահագործումը և կատարել ընդերքօգտագործման ժամկետի երկարաձգում։ Հանքավայրի հետագա շահագործումը կնպաստի աշխատատեղերի պահպանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Աշխատանքի մեջ կընդգրկվեն հիմնականում համայնքի և հարակից գյուղերի բնակիչները։ Ընկերությունը կապահովի բնապահպանական բոլոր նորմերի պահպանումը, ակտիվորեն կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսագիտական զարգացման աշխատանքներին։
Շրջակա միջավաւյրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՚ՊՈԱԿ-ի մասնագետ Հ. Մկրտչյանը ներկայացրեց փորձաքննական գործընթացները՝ նշելով, որ Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման նախագծի ՇՄԱԳ հաշվետվության գնահատման և փորձաքննության աշխատանքները, ինչպես նաև հանրային քննարկումների կազմակերպումն իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով: Սա վերջին հանրային քննարկումն է, այս փուլում ՇՄԱԳ հաշվետվության, հանրային քննարկումների արդյունքների, ինչպես նաև գործունեության իրականացման և աշխատանքային նախագծի վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա կազմվում է փորձաքննական եզրակացություն:
Ամփոփելով հանրային քննարկումների արդյունքները՝ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը նշեց, որ նախատեսվող աշխատանքները համայնքի հետագա սոցիալ-տնտեսական զարգացման համար մեծն շանակություն ունեն, քանի որ բոլորը տեղյակ են, թե ինչպիսի մեծահոգությամբ ու նվիրումով է աշխատում «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի ողջ անձնակազմը:
Հանրային քննարկման ժամանակ բնակչության կողմից հավանության արժանացավ «Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից Չինարիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման վերաբերյալ քննարկվող հարցը: Առաջարկվեց ընկերությանը հանքավայրի շահագործումն իրականացնել բացառապես ՀՀօրենսդրությամբ սահմանված կարգով: Փաստվեց նաև, որ աշխատանքների ընթացքում պետք է պահպանվեն համայնքի բնակիչների շահերը:
Ընկերությանը սահմանված կարգով իրականացնելու է հանքավայրի շահագործման աշխատանքները՝ համաձայն նախագծի և ՇՄԱԳ
հաշվետվությունում նախաատեսված բնապահպանական միջոցառումների:
Հանրային քննարկումները վարեց՝
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը
Արձանագրեց՝
Աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մելիքյանը
«Տավուշի ՃՇՇ» ՓԲԸ-ի տնօրեն՝ Գագիկ Ադամյան